Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող 20-ամյա Ռոբերտ Մկրտչյանի հուղարկավորությունը (ֆոտոռեպորտաժ):
Հուղարկավորության արարողությանը ներկա էին բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, Ռոբերտ Մկրտչյանի հարազատները, ընկերներն ու հարեւանները:
NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Մկրտչյանի տատիկը՝ Էմմա Առաքելյանը, նշեց, որ Ռոբերտը խելոք, հայրենասեր ու խելացի տղա է եղել: Նա միշտ ցանկացել է ծառայել հայկական բանակում:
«Փոքրուց աշխատել է, բոլորիս օգնել: Շատ խելոք տղա էր, միշտ ուզում էր ծառայել, ինչ ասեմ, չգիտեմ, հայրենիքի համար էլ զոհվեց»,-ասաց Էմմա Առաքելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











