Գործարար Գագիկ Ծառուկյանի հարկերի հարցը բարեհաջող կերպով ուզում են կոծկել։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրել է, որ 2015թ. մայիսի վերջին վարչապետն ասել էր, որ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում հունիսի սկզբին հարկային ստուգումներ տեղի կունենան։ Դրանից հետո վարչապետը հայտարարել էր, որ անհրաժեշտ է սպասել եւս մի քանի օր։ «Իսկ արդեն 4 ամիս է անցել։ Հիմա ինչ-որ բան արվելու՞ է, թե մեր քաղաքացիները շարունակելու են իրենց «ուրախ» կյանքը»,- հարցրեց Փաշինյանը։
Դրան ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստուգումները շարունակվում են, եւ հաշվի առնելով միջոցառումների կարեւորությունը՝ դրանց մասին վկայությունները կարող են հրապարակվել միայն ավարտից հետո։ «Ինչ վերաբերում է նրան, թե ով պետք է վճարի հարկերը, իսկ ով՝ ոչ, ապա մեր պատասխանը նույնն է բոլորի, այդ թվում՝ ՀՀԿ մեր համակուսակիցների համար։ Պատասխանը շատ պարզ է՝ գերակա է օրենքը»,- վստահեցրեց Հարությունյանը։











