Երեւանում ավարտվեց լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգը։ Աշխարհահռչակ հայ երգչի անսպառ էներգիան ոգեշնչել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գտնվող յուրաքանչյուր հանդիսատեսի (ֆոտոռեպորտաժ

Բուռն ծափահարություններն ու «բրավոները»  չէին դադարում։ 91-ամյա շանսոնիեն հիանալի կատարեց 20 երգ՝ իրական տոն պարգեւելով հանդիսատեսին։

Շառլ Ազնավուրին ձայնակցում էին անգամ աֆրիկյան երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք Երեւան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ նստաշրջանի շրջանակներում։

Յուրաքանչյուր երգից հետո հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր նրան։ Ave Maria եւ La Boheme կատարումները շարժեցին տարբեր մշակույթների ներկայացուցիչների հոգու լարերը՝ անտարբեր չթողնելով ոչ ոքի։ Շառլ Ազնավուրը դահլիճին 2-ժամյա կախարդանք պարգեւեց՝ հերթական անգամ ցուցադրելով ոգու անսպառ ուժը։