«ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի եւ «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անտարբեր չէր անցնում հայկական արտադրության գինիների, կոնյակների եւ շամպայնների կողքով:
Գեղարքունիքի մարզը ներկայացնող տաղավարի մոտ իրեն առաջարկված թթի օղուց վարչապետը սկզբում հրաժարվեց՝ ասելով. «Ես խմող չեմ, ինձանից ի՞նչ եք ուզում», սակայն գեղարքունիքցիները համոզեցին վարչապետին:
Ավելի ուշ առաջարկված գինուց վարչապետը կրկին ապարդյուն փորձեց հրաժարվեց՝ այս անգամ էլ պատճառաբանելով. «Չեմ խմում, էնքան գործ ունենք անելու»:
Դրանից հետո արդեն Հովիկ Աբրահամյանը իրեն առաջարկվող ոգելից խմիչքներից չէր հրաժարվում, համտեսում էր ու խրախուսում արտադրողներին. «Ոնց որ գինեգործ տարիներս հիշեցի...Արտադրությունից լավ բան չկա»։
Վարչապետը բոլոր խմիչքներից էլ գոհ մնաց, քանի որ, ըստ նրա, բոլորն էլ լավն էին։
Նշենք, որ հոկտեմբերի 16-18-ն անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից եւ Արցախից:











