Մոտ 2,5 ամիս անհետացած եւ նոյեմբերի 2-ին ոստիկանություն ներկայացած՝ Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանը հարցաքննվել է եւ հայտնել է, որ ընտանիքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է խզել ամուսնու հետ ունեցած կապերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նելլի Հարությունյանը պատմել է նաեւ, որ օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ մինչեւ 2015թ. նոյեմբերի 02-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ որոշել է վերադառնալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 21-ին Ն.Հարությունյանի ամուսինը՝ Ա.Հարությունյանը, գրավոր հաղորդում է տվել, որ կինը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա:

Դեպքի առթիվ  Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը):

Այնուհետեւ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, քննության արդյունքները քննարկվել են, եւ արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):

Նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Հարությունյանը 2007 թվականից Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող` «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառում զբաղվել է ոսկյա զարդերի առուվաճառքով:

Միաժամանակ պարզվել է, որ վերջինս 2015թ. փետրվար ամսից սկսած վաճառքից հետո գումարները վճարելու պայմանով ոսկյա զարդեր է ձեռք բերել, որի դիմաց դեռեւս ունի գումարային պարտավորություններ:

Նոյեմբերի 2-ին Ն.Հարությունյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա` նախաքննական մարմին: