Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից հեծանիվի գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 15-ի ժամը 22:00-ից մինչեւ հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակից հափշտակել է հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ստացվել է տարածքում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է հանցագործության դրվագը:

Նշանակվել է դատատեսաձայնագրային եւ դատադիմանկարային համալիր փորձաքննություն:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով  միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: