Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց Անոնիմուսների 3-րդ երթը։ (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, երթի մասնակիցները Սայաթ Նովա պողոտայով եկել են Ազատության հրապարակ։

Նշենք, որ երթը մեկնարկել էր Ազատության հրապարակից, անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որտեղ երթի մասնակիցները կանգնել եւ պահան(ել կառավարության հրաժարականը։ Երթն անյուհետ Նալբանդյան փողոցով անցել էր դեպի Սայաթ Նովա պողոտա։ Այնտեղ միջադեպ էր գրանցվել, ցուցարրաները ցանկացել էին բարձրանալ դեպի ԱԱԾ շենքի մոտ, սակայն ոստիկաններն արգելափակել էին ճանապարհը։ Ցուցարարների մի մասը նստացույց էր արել, իսկ Շահեն Հարությունյանը մոր եւ մի քանի ցուցարարների հետ, ոստիկանների հետ բանակցություններից հետո, կարողացել էր անցնել ԱԱԾ շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էին արել։ Դրանից հետո Երթը վերադարձել է Ազատության հրապարակ։

Հայաստանում առաջին անգամ Անոնիմուսների երթն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր  ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել: Հայաստանում դատական բոլոր ատյաններում բողոքարկումը ձախողելուց հետո դատապարտվածների փաստաբանները դիմել են ՄԻԵԴ:

Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին  տեղի է ունենում «Անոնիմուսների երթ»՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։