Ռուսաստանի Դաշնությունում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի 32 ուղեւորները, որոնք թեթեւ վնասվածքներ էին ստացել կամ չեն տուժել վթարի հետեւանքով, նոյեմբերի 5-ին, ժամանեցին Երեւան: (ֆոտոռեպորտաժ)

Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հարազատները, հոգեբաններ, բուժաշխատողներ: Ուղեւորները հիմնականում հրաժարվում էին խոսել կատարվածի մասին, բոլորը նշում էին, որ իրենք քնած են եղել, ոչինչ չեն հիշում եւ շտապում են տուն՝ հարազատների մոտ: Ոմանք, սակայն, օդանավակայանից միանգամից հիվանդանոցներ գնացին, որտեղ տեղափոխել էին նրանց՝ ավելի ծանր վնասվածքներ ստացած հարազատներին:

«Ես քնած եմ եղել, վերեւի հարկից եմ ընկել, գլխիս հարված եմ ստացել, ուշաթափվել: Երբ արթնացա, ամեն ինչ արդեն անցել էր»,- պատմեց ուղեւորներից մեկը՝ նշելով, որ հիմա արդեն լավ է զգում:

Նշենք, որ վթարված ավտոբուսի ուղեւորների թվում մեծ թիվ էին կազմում այն ուղեւորները, որոնք ընտանիքի անդամների հետ էին: Այսօր ժամանածների մի մասը ողբերգական վթարում կորցրել էին կամ ընկերներին, կամ հարազատներին:

Ուղեւորներին դիմավորելու եկած հարազատները չէին թաքցնում, որ թեեւ շատ են ցավում մահացածների համար, սակայն ուրախ են, որ իրենց հարազատները թեկուզ վնասվածքներով, բայց ողջ են: Նրանց խոսքով՝ այն պահից, երբ տեղեկացել են վթարի մասին, անորոշության ծանր ժամեր են ապրել, մինչեւ տեղեկացել են, որ իրենց հարազատները ողջ են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Երեւան են ժամանել Տուլայում վթարված ավտոբուսի 32 ուղեւորները, որոնցից մոտ 10-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել վթարի հետեւանքով մահացած ութ ուղեւորների մարմինները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: