«Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպությունն այսօր` նոյեմբերի 6-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև այրեց ԼԳԲՏ դրոշը` ԵՄ–ին եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին հորդորելով չքարոզել միասեռականություն:
«Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Ծովինար Կոստանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում տարբեր տեսակի «կասկածելի փոքրամասնությունների» իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին նշանակում է խարխլել պետության հիմքերը։
«Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որն առաջինն ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևիցե մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը»,-ասաց Ծովինար Կոստանյանը:
ԵՄ շենքի դիմաց ԼԳԲՏ դրոշն այրելուց հետո ակցիայի կազմակերպիչներին մոտեցան գրասենյակի ներկայացուցիչները, որոնք խիստ զարմացած էին, թե ինչ է կատարվում գրասենյակի առաջ: «Հանուն օրենքի» կազմակերպությունը պահանջագիր հանձնեց նրանց` հորդորելով նրանց զերծ մնալ Հայաստանում միասեռականության քարոզումից։
Նշենք, որ ակցիային բացի կազմակերպիչներից հիմնականում մասնակցում էին 17 տարեկանից ցածր պատանիներ։











