Մի քանի օր է, Վանաձորում գործող Lousnelius ռոք խմբի տղաները տեղափոխվել են Երեւան: Պատճառը մեկն է. Վանաձորում ռոք խմբի զարգացման հեռանկարներ չկան:

«Գնալով համոզվում եմ, որ ինչքան էլ այստեղ պայքարում ես, հետ ես նայում ու տեսնում, որ միևնույնն է, ամեն ինչ նույնն է մնում, միայն դու ես փոխվում… Ընդհանուր իրավիճակը չի փոխվում, խնդիրներն էլի նույնն են: Այս քաղաքը մեռել է, ես դա ցավով եմ ասում, բայց իրականությունից չես կարող փախչել…Սա է պատճառը, որ որոշել ենք առաջիկայում տեղափոխվել Երեւան:

Ռոքը Վանաձորում ունի շատ լավ սկիզբ: Ռոք խմբի համար Վանաձորը տալիս է լավ ստարտ, բայց չի ապահովում ճիշտ ապագան: Բայց կարևորն այն է, որ այդ սկիզբն արդեն իսկ բավարար է, որպեսզի այդ խումբը կայանա ու  այլ տեղերում գտնի իր ապագան»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց խմբի հիմնադիրներից Արմեն Պապյանը:

Lousnelius-ը վանաձորյան առաջին ռոք խումբը չէ, որ պայմաններ չլինելու պատճառով կամ հեռանում է քաղաքից, կամ դադարեցնում գործունեությունը:

Մարզում գործելու առումով խմբի տղաները կարողանում են կատակով առանձնացնել ընդամենը մեկ առավելություն.

«Վանաձորում գործելու դրական կողմերից մեկն այն է, որ կարողանում ես շատ մատչելի գնով փորձի տեղ վարձել, որտեղ հարևանները չեն բողոքում,- ծիծաղում է Արմենը, ապա շարունակում,- իսկ բացասականը… Բացասականը շատ է: Այստեղ չկան ժամանցի վայրեր, որտեղ դու կարողաանաս նվագել: Երաժշտությունն այս քաղաքում չի կարողանում դառնալ փողհայթայթման միջոց:  Եթե դու համերգ էլ ես կազմակերպում, միևնույնն է, դու այդ համերգի վրա շատ ավելի մեծ գումար ես ծախսում, քավ վաստակում ես… Քաղաքի խմբերի ցրվելու կամ քաղաքից գնալու հիմնական պատճառն էլ հենց սա է»:

Խմբի տղաները իրենց ոճը համարում են ալտերնատիվ մետալը: Հիմնականում ստեղծագործում են անգլերեն: Երգերի բառերն ու երաժշտությունն էլ խմբի անդամներով են գրում:

«Սկզբից էլ, երբ սկսեցինք երգեր գրել, սկսել ենք անգլերենով: Թե ինչու, ես դրա բացատրությունը չունեմ: Երևի ուղղակի անգլերենով ավելի հեշտ է  ստեղծագործել, քան հայերենով: Հայերենն ավելի կամակոր լեզու է,- ասում է  Արմենը, - առաջիկայում  նաև հայերենով երգ կունենանք: Մի երգ ենք ձայնագրում, որ կլինի և անգլերեն, և հայերեն:  Գտել ենք, որ այդ երգն ավելի ընկալելի լինելու համար արժե, որ այն երգվի երկու լեզվով էլ: Այն վերնագրված է  «Մոր երգը» և բանակում սպանված զինվորների մայրերի ու նրանց մղած պայքարի մասին է ու նաև կոչ է ժողովրդին, որ սատարենք այդ մայրերին, որպեսզի այդ երևույթը վերանա: Թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը հեղինակել ենք խմբի անդամներս»։

Վերջերս խումբը հանդիսատեսի դատին  հանձնեց իր երկրորդ՝   Soul Taxes (Հոգու հարկեր) տեսահոլովակը, որը ջերմ ընդունելության արժանացավ:

Գայանե Սարգսյան