Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից եւ ներկայում ոխերիմ թշնամի Ֆեթհուլլահ Գյուլենը տեսաուղերձով նզովել է Էրդողանին ու նրա կողմնակիցներին։
Ֆեթհուլլահ Գյուլենն իր նզովքով պատասխանել է Թուրքիայի նախագահի կողմից իրեն ու իր հիմնադրած շարժման կողմնակիցներին «ահաբեկիչ» ու «զուգահեռ կառույց» հայտարարելուն։
Ֆեթուլլահ Գյուլենն իր նզովքում ասում է․ «Թող Աստված պատժի բոլոր ահաբեկչական խմբավորումներին, թող աստված պատժի բոլոր նրանց, ովքեր ոչ ահաբեկչական կառույցին ասում են ահաբեկչական»։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական ոստիկանությունը Ֆեթհուլլահ Գյուլենին եւ նրա ղեկավարած շարժումը պաշտոնապես հայտարարել է ահաբեկչական, իսկ Գյուլենին՝ ահաբեկչական կառույցի ղեկավար՝ հետախուզում հայտարարելով նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։











