ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հափշտակության փորձ կատարած անձի ինքնությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է բացել Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող ավտոտնակներից մեկի երկրորդ հարկում կառուցված շինության պատուհանը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել. պատուհանը բացելու ընթացքում միացել է ազդանշանային համակարգը, որից հետո նա դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ստացվել են դիտարկվող հասցեում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնցում երեւում է հանցագործության դրվագը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում երեւացող անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











