Երեւանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ 20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ ազատ արձակված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստի արարողությունը։

Հոգեհանգստին ներկա էին Սողոմոն Քոչարյանի մարտական ընկերները եւ հարազատները։

Սողոմոն Քոչարյանի մարտական ընկեր Սարգիս Թադեւոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանգուցյալը ցանկություն է հայտնել, որ իրեն զինվորական համազգեստով հողին հանձնեն։ Ընկերները Սողոմոն Քոչարյանի վերջին ցանկությունը կատարել են։

«Սողոմոն Քոչարյանը երբ շատ վատ էր, զգում էր, որ մահանալու է, մեզ կանչեց իր մոտ, խնդրեց, որ զինվորական համազգեստ տանենք իրեն, մենք էլ ՊՆ-ին խնդրեցինք, տրամադրեց, եւ նրան կհուղարկավորենք զինվորական համազգեստով»,- ասաց Սարգիս Թադեւոսյանը՝ հավելելով, որ իրենց խնդրանքով է Սողոմոն Քոչարյանը հուղարկավորվելու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ նշեց, որ իր հուշերում Քոչարյանը մնալու է՝ որպես խիզախ զինվոր, հայրենասեր մարդ, որը մինչեւ կյանքի վերջին օրերը ցանկանում էր ծառայել հայրենիքին։

Սողոմոն Քոչարյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 11-ին,  «Եռաբլուրում»:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը նոյեմբերի 8-ին մահացավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր ամիսներ առաջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, Իրանի քաղաքացի,  ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել է կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն է գործել նրա միակ դուստրը: