Երեւանում նոյեմբերի 10-ի երեկոյան ինքնահրկիզված Լուսինե Ս.-ն 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, երկու շաբաթից դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը։
«Լուսինեն ընդունվել է նոյեմբերի 10-ին, 23։30-ի սահմաններում շոկային վիճակում, զույգ ազդրերն են վնասվել եւ մի փոքր տեղ աջ նախաբազկի վրա կար այրվածք։ Սա խոսում է այն մասին, որ վառելանյութը, որը կարծեմ, բենզին է եղել, սահմանափակ է լցվել մարմնի վրա, գլխից չի լցրել, միայն այն հատվածում, որն այրվել է։ Այս պահին միջին ծանրության է համարվում վիճակը, մարմնի այրվածքները 17-18 տոկոս են, 2-րդ 3-րդ աստիճանի»,-ասել է Հովհաննես Ասլանյանը։
Լուսինեն բժիշկներին պատմել է, որ ինքնահրկիզվել է սոցիալական խնդիրների պատճառով։
Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լուսինե Ս.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց։











