20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (ֆոտոռեպորտաժ):
Հուղարկավորությանը ներկա էին Սողոմոն Քոչարյանի հարազատները, մարտական ընկերներն ու անծանոթ քաղաքացիներ:
«Սողոմոնն աստվածային հետախույզ էր, նրան բավական էր առաջադրանք տալ, մնացածն ինքն էր անում էր ինչպես որ պետք է: Ինքը ջոկատի մյուս տղերքից շատ էր առանձնանում: Ապրում էր պատերազմով, իր հայրենասիրությամբ: Սողոմոնը մեր իրականության առանցքն է, շատ լավ կարելի է նրա միջոցով հասկանալ, թե մենք ինչպես ենք գնահատում մեր հերոսներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շուլուխ» ջոկատի կազմակերպիչներից Վիրաբ Եղիազարյանը, որի ջոկատում կռվել է Սողոմոն Քոչարյանը:
Սողոմոն Քոչարյանին հողին հանձնեցին զինվորական հագուստով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ադրբեջանցուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել է կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն է գործել նրա միակ դուստրը:











