Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերին, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել շենքի երկաթյա դուռն ու մտել բնակարաններ, այսօր՝ նոյեմբերի 11-ին, շենքի սեփականատեր Անդրանիկ Խալոյանը եւ մուտքի առջեւ հերթապահող ոստիկանները դուրս են հանել շենքից եւ շքամուտքում տարածքը շուրջօրյա հսկող ոստիկանների համար տեղ հատկացրել, որպեսզի նրանք թույլ չտան բնակարանատերերին կրկին շենք մտնել։  NEWS.am-ի հետ զրույցում նորակառույց շենքի սեփականատեր Անդրանիկ Խալոյանը նշեց, որ ինքը շենքի եւ հողի սեփականության վկայական ունի եւ բնակիչների հետ խնդիրներ են առաջացել, քանի որ «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանը նորակառույցի բնակարանները առանց իր իմացության վաճառել է բնակիչներին։

«Սկզբից սեփականությանս վկայականը եղել է հողի , այնուհետեւ շինթույլտվության։ Բնակիչների հետ խնդիր է առաջացել, քանի որ առքուվաճառքի նախնական պայմանագրեր են կնքել ինձ Պապոյանի հետ, որն ինձ հետ շենքը կառուցելու համար է միայն պայմանագիր կնքել։ Նա այժմ խաբեության համար կալանավորված է։ Նա մարդկանցից գումար է հավաքել, որի իրավունքը չուներ եւ բնակարաններն էժան վաճառել նրանց։  Բնակիչների հետ պայմանագիրը ոչ պատշաճ ձեւով է կնքված։ Այն կնքված է դիմացի շենքի հասցեով, եւ բնակարաններն էլ նշված չեն։ Բնակիչներին առաջարկում եմ քննարկենք, գանք կոմպրոմիսի, որ վերջնական հարցը լուծենք, որպեսզի նրանք գոհ մնան, մենք էլ չտուժենք»,-ասաց Անդրանիկ Խալոյանը՝ նշելով, որ այսօրվանից շենքը ոստիկանների պահպանությանն են հանձնել, որպեսզի բնակարանատերերը չմտնեն շենք, գույքը չվնասեն, բնակիչների միջեւ էլ խառնաշփոթ չառաջանա, քանի որ մի բնակարանը վերավաճառվել է մի քանի բնակչի։

Անդրանիկ Խալոյանը նշեց, որ ինքը պատրաստ է բնակիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ խնդիրը լուծելու ճանապարհ գտնել։

«Շենքը դեռ պետք է կառուցվի, վերելակ չկա, աստիճաններ չկան, մուտքը պետք է վերանորոգվի։ Դուռը եղել է փակ, բնակիչները անհատական վկայականներին չսպասելով՝ ջարդել մտել են բնակարաններ։ Մարդիկ մտածում են, որ ես հիմա բնակարանները վերցնելու եմ, դնեմ բանկի տակ, իրենց էլ ոչինչ չտամ։ Պատասխանատվությամբ հայտարարում եմ, այդպիսի բան չկա»,-ասաց նա։

Խաբված քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ  Անդրանիկ Խալոյանը շենքը ապօրինի ձեւով է կառուցել, քանի որ  2008թ., երբ հողի սեփականության վկայական է ստացել,  շենքի մասն արդեն կառուցված է եղել, որն էլ նշանակում է, որ այդ դեպքում իրավունք չունեին նրան հողի սեփականության վկայական տալ։

«Եթե շենքը կար, հողը նրան ո՞նց են տվել։ Մենք տունը գնել էինք, արդեն հարդարման աշխատանքներ էինք անում, նոր հայտնվել ա։ Ասաց կրկնավաճառք է եղել,  բայց դա նշանակում է, որ եթե կրկնավաճառք կա, ուրեմն վաճառք էլ կա՝ նախնական մենք գնել ենք բնակարանները։ Ինքը տեղյակ ա, որ այդ տունն ինձ են վաճառել, հիմա եկել ասում ա իր տունն ա։ Ասում ա ինքն էլ մեր նման տուժած ա, ուրեմն էս ահռելի շենքն իր սեփականությունն է դառնում ու 46 ընտանիք մնում ա դու՞րսը։ Եթե մենք հաղթենք, մենք կստանանք մեր տները, իսկ առաջին հարկը ու երկրորդ հարկը կմնա իրեն»,-ասաց քաղաքացին։

Նշենք, որ այս պահին Պուշկինի 51/1 նորակառույցում կան մի քանի բնակիչներ, որոնց ոստիկանները չեն կարողացել դուրս հանել։

Հիշեցնենք, որ կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանի հետ 2006-2008թթ. քաղաքացիները կնքել են նոտարով հաստատված նախնական պայմանագիր, որով վերջինը պարտավորվել է մինչեւ 2009թ. հանձնել բնակարանները:

Շենքի կառուցումն սկսվել է պայմանագրով նախատեսված առաջին  փուլի վճարումից հետո։ Որոշակի շինարարական աշխատանքից հետո բնակիչները կատարել են երկրորդ վճարումը, իսկ երրորդ վճարումը պետք է կատարեին բնակարանների սեփականության իրավունքները հանձնելիս, ոմանք նույնիսկ ամբողջությամբ են վճարել իրենց ապագա բնակարանների համար։

Գագիկ Պապոյանի նկատմամբ մեկ այլ`  Արամի փողոցի նորակառույց շենքի բնակարանների բազմակի վաճառքի համար մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:

Բնակիչներ խոսքով՝ դրանից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով անհատ ձեռներեց, որը հայտարարել է, թե ինքն է շենքի սեփականատերը՝  հողատարածքը, որտեղ կառուցվել է շենքը, իրեն է պատկանում:

Պուշկինի 51/1 հասցեի ապագա բնակիչները պնդում են, որ 46 ընտանիք է դրսում մնացել, մինչդեռ նույն շենքի երկրորդ մուտքի բնակարանները առանց սեփականության իրավունքի արդեն բնակեցված են, ինչը նշանակում է, որ հնարավոր է` Գագիկ Պապոյանը վերավաճառել է նաեւ իրենց բնակարանները: