ՀՀ քաղաքացիներ Օհանիկ Շավիշյանն ու Գեղամ Վահանյանը կասկածվում են հափշտակություն կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանություն դիմած կինը նոյեմբերի 9-ին հաղորդում է տվել խարդախության վերաբերյալ:
Ըստ նրա` ոմն Օհան Շավարշյան եւ Գեղամ, չարաշահելով իր վստահությունը, իրեն եւ երկու որդիներին Շվեդիա մշտական բնակության ուղարկելու համար պահանջել եւ օգոստոսի 11-ին, սպառնալիքի միջոցով, ստացել են 15 հազար եվրո, իրենց տվել են ՌԴ քաղաքացու անձնագրեր, սակայն հայկական անձնագրերով ճանապարհել Մոնտենեգրո: Այստեղից կինն ու որդիները փորձել են թռչել Փարիզ, սակայն տեղի իրավապահները պարզել են, որ ռուսական անձնագրերը կեղծ են: Նրանց ձերբակալել են եւ հոկտեմբերի 1-ին հետ ուղարկել Հայաստան:
Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները հետաքննությամբ պարզել են, որ Օհան Շավարշյանը Օհանիկ Շավիշյանն է, իսկ Գեղամը` Գեղամ Վահանյանը:
Նախապատրաստված նյութերով Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն: Օհանիկ Շավիշյանն ու Գեղամ Վահանյանը ձերբակալված են:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ նրանց գործունեությունից տուժած այլ քաղաքացիներ էլ կան: Նրանք կարող են դիմել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն կամ զանգահարել 010 56-47-72 հեռախոսահամարով:











