Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Աբովյան փողոցից հեծանվի գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 15:30-ից 15:50-ն ընկած ժամանակահատվածում: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտից հափշտակել է «Սալկանո» մակնիշի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ստացվել են տարածքում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում հեծանիվն ու հեռանում։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։
Ովքեր ճանաչում են տեսանյութում երեւացող անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











