Նոյեմբերի 11-ի երեկոյան սկսված ու հաջորդ օրը  շարունակված ուժեղ քամին ու փոթորիկը մեծ վնաս է հասցրել Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դսեղում ծառն ընկել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տանիքին, Չկալովում  քամին վնասել է  նորակառույց եկեղեցին, Ախթալայում ու Կաթնառատում  ամբողջությամբ քշել տարել համայնքապետարանների շենքերի տանիքը, Վանաձորում՝ թիվ 27 դպրոցի թիթեղյա տանիքը: Ալավերդիում  Վանաձորի Տիգրան Մեծի 54 հասցեի բարձրահարկ շենքից մայթի վրա կախված տանիքը դեռ գիշերվանից  այսօր էլ մեծ վտանգ է ներկայացնում:

Ալավերդիում 183 շենքերից 111-ի տանիքները լրիվ կամ մասնակի վնասվել են, ամբողջությամբ քանդվել են երեք Էլեկտրաենթակայանների տանիքները, Թումանյանի տարածաշրջանում ընկել են բարձրավոլտ մի քանի սյուներ:

Ուժեղ քամին հիմնովին կամ մասնակի վնասել է մի քանի հարյուրի հասնող  բնակելի շենքերի, դպրոցների, մշակութային ու մարզական կենտրոնների տանիքներ, արմատախիլ են եղել տասնյակ ծառեր, որոնց մի մասն ընկնելով՝ փակել են ճանապարհները, վնասել գազատարներն ու էլեկտրասյուները:

Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանը առավել շատ տուժած համայքներից առաձնացնում  է Վանաձորը՝ հավելելով, որ մեծ են վնասի չափերը նաև  Թումանյանի, Սպիտակի, Տաշիրի տարածաշրջաններում:

 Ուժեղ քամու հետևանքով մարզի գյուղական ու քաղաքային համայնքների մեծ մասը տևական ժամանակով զրկվել է էլեկտրաէներգիայից: Բարձրավոլտ էլեկտասյուների վնասման հետևանքով նախօրեին ողջ օրը դադարեցվել է երկաթուղու աշխատանքը:

 Քամու հետևանքով հոսանքազրկվել էր մարզի 83 գյուղական և 7 քաղաքային համայնքների լուսավորությունը:

Երեկվանից արտակարգ ռեժիմով են աշխատում մարզի բոլոր գերատեսչությունները: Իրականացված օպերատիվ վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն վերականգվել է 43 գյուղական և 5 քաղաքային համայնքների լուսավորությունը: Ոլորտի պատասխանատուները վստահ են, որ մնացած համայնքների լուսավորության վերականգնումը ավարտին կհասցնեն այսօրվա ընթացքում:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Լոռու մարզպետարանում անցկացվել է կացվել արտակարգ իրավիճակներում գործող հանձնաժողովի նիստ, որի անդամներին տրվել է հանձնարական՝ բոլոր համայնքներում կազմել հանձնաժողովներ, հաշվարկել վնասի չափերը: Առաջիկա  օրերի ընթացքում տվյալներն ամբողջացնելուց հետո դրանք կներկայացվեն կառավարությանը:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք տուժածներին փոխհատուցում կհատկացվի: