ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, այցելել է ոստիկանության զորքերի 1031 զորամաս՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում  եւ զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից։

Ոստիկանապետն անդրադարձել  զորամասի կայացման ընթացքին եւ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստականությանը:

«Ես շատ եմ կարեւորում ձեր ստորաբաժանումը, կարեւորում եմ հենց նրա համար, որ դուք առաջինն եք լինելու միշտ, ցանկացած միջոցառման ժամանակ դուք տանող ուժն եք լինելու, դուք կրող ուժն եք լինելու։ Դուք էն ստորաբաժանումն եք, որ առաջինն իր վրա վերցնում ա ամեն ինչ, ձեզանից են կախված ձեր հետեւից եկողները։ Շատ կարճ ժամանակում կարողացաք մեր միջոցառումների ժամանակ ինքնդրսեւորվեք եւ կայացնեք էն ստորաբաժանումը, որը կոչվում ա հատուկ ստորաբաժանում, դուք էլիտար ստորաբաժանում եք, քչաքանակ, բայց բարձրորակ մասնագետների ստորաբաժանումը, որը հատուկ խնդիրներն ա լուծում»,- ասել է ոստիկանապետը։

Հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրել են  ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված սառը  զենքի ու հրազենի կիրառման հետ, ուժային վարժություններ:

Զինծառայողների հետ հանդիպման  ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց հատուկ նշանակության զորամասի պատրաստականությունը եւ զինծառայողների մասնագիտական կարողությունները:

«Էն ինչ տեսա, էն, ինչ ժամանկահատվածում դա արել եք, գնահատում եմ գերազանց։ Շնորհակալ եմ, որ ջիղ ունեք կատարելագործվելու, շնորհակալ ու երախտապարտ եմ, որ պատիվ ունեմ ձեր հետ ծառայելու» ,- ասել է ոստիկանապետը։

Ցուցադրական ելույթներից հետո Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է զորամասում կատարված հիմնանորոգման աշխատանքներին:

Այնուհետեւ Վլադիմիր Գասպարյանը եւ բարձրաստիճան սպաները ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում, 88-ի երկրաշարժի ժամանակ եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշապատին: