Փարիզում հրաձգություն եւ պայթյուն է եղել, որի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան։
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Փարիզի 10-րդ եւ 11-րդ օկրուգների խաչմերուկում գտնվող ռեստորանի այցելուների վրա։ BFM հեռուստաալիքը նշել է, որ 7 մարդ վիրավոր է, սակայն տեղեկությունները նախնական են։ Ի դեպ, ռեստորանը գտնվում է «Շառլի Հեբդո» երգիծական ամսագրի խմբագրությունից քիչ հեռու։
Ականատեսների վկայությամբ, չարագործները կրակել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներից, այնուհետեւ փախուստի դիմել։
Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ կրակոցներ են հնչել Բատակլան թատրոնի մերձակայքում։ Թվիթերում տեղեկություններ են տարածվել, թե համերգասրահում պատանդներ են վերցրել։
Պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտում էր նաեւ նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան անմիջապես տարհանել են։











