Փարիզի ոստիկանությունն ավարտել է «Բատակլան» համերգասրահի գրոհը։ Ոստիկանության փոխանցմամբ, գրոհի ընթացքում սպանվել է 10 մարդ։ Ոստիկանական գործողության ընթացքում պայթյուններ են հնչել, ինչից հետո մարդիկ սկսել են դուրս գալ փողոց։ Մի քանիսին դուրս են բերել պատգարակներով։

Գրոհի ընթացքում սպանվել է երկու ահաբեկիչ։ Նրանցից մեկը պայթեցրել է իրեն, երբ նկատել է ոստիկաններին։ CNN-ի փոխանցմամբ, ձերբակալվել է մի ահաբեկիչ, որը հայտարարել է, թե «Իսլամական պետություն» խմբավորումից է։

«Բատակլանի» ահաբեկիչներից մեկը տակավին պատանի է եղել։ Այդ մասին CNN-ի եթերում ասել է ֆրանսիական ռադիոյի աշխատակից Ժուլիեն Պիրսը, որը համերգի ժամանակ ներսում է եղել։ Նա պատմել է, որ ահաբեկիչները երկուսն են եղել, առանց դիմաների եւ Կալաշնիկովի ինքնաձիգներով։ Ահաբեկիչները առանց բառ ասելու գնդակահարել են պատանդներին։ 

Այս պահին սակրավորները վարժեցրած շների օգնությմաբ պայթուցիկ են որոնում մարզադաշտի մոտ։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 60 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ահաբեկչություններ են եղել Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր վայրերում, բոլորն էլ Փարիզի աջ ափին։ Փարիզի ոստիկանության տվյալներով, ահաբեկչություններ են եղել «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ։ Երեք նռնակ են պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Օլանդին անհապաղ տարհանել էին, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի դռները եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։

Ֆրանսիայի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել երկրում։