Երեւանի Նոր-Արեշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր՝ նոյեմբերի 23-ին, բռնկված հրդեհից 80-ն անց կին է մահացել։

NEWS.am-ի հետ զրույցում կնոջ բարեկամները պատմեցին, որ կինը հոգեկան խնդիրներ ուներ, միայնակ էր ապրում եւ սիրում էր տանը կրակ վառել։ 

«Ինքը կրակ շատ էր սիրում, ամառն էլի վառել էր: Ինքը միշտ կրակ ա սիրել, ամառը վառարան էր վառում։ Երեւի փայտը վառարանի մեջ էլ չի դրել ու կրակ է արել»,-ասաց կնոջ հարսը։

Նրա խոսքով՝ սկեսուրին հոգեբուժարանում չեն ընդունել։

«Էս պետության գործը չէ՞ր, գժին չէին տանում գժանոց, ասում էին՝ դա ձեր խնդիրն ա։ Ասում էին՝ ինքն անում ա տակը, մենք տենց հիվանդ չենք պահում, տարեք մասնավոր, օրը՝ 12 000 դրամով։ Տիրություն չեն անում տենց հիվանդներին»,-ասաց նա։

Հրդեհի հետեւանքով այրվել է ոչ միայն կնոջ կացարանը, այլեւ հարեւանությամբ գտնվող որդու տունը։

«5 րոպե առաջ ամուսինս գնաց, անհանգիստ էի մի տեսակ, դուրս գամ, տենամ բոց ա։ Զանգեցի պաժառնի»,-ասաց այրված կնոջ հարսը՝ հավելելով, որ մի քանի ամիս առաջ էլ է կնոջ տանը հրդեհ բռնկվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկում, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: