Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզինի գների իջեցման համար պայքարող «Կարմիր քարտ» նախաձեռնության մի քանի տասնյակ երիտասարդներ  այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախագահայկան նստավայրը դիմում-բողոք հանձնելուց հետո շարունակեցին իրենց բողոքի ակցիան եւ հասնելով Մաշտոցի պողոտա, ի նշան բողոքի  փորձեցին փակել այն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները մի պահ նստեցին փողոցում, ոստիկաններն անմիջապես նրանց հեռացրին փողոցից: Այնուհետեւ ակտիվիստները փորձեցին նույն կերպ փակել նաեւ Թումանյան փողոցը, սակայն չստացվեց:

Այս պահին նրանք քայլում են Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ:

Նախաձեռնության անդամները, որոնք նամակներ են հանձնել նաեւ Կառավարություն եւ ԱԺ, մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակ են տվել՝ իրենց նամակների պատասխանը ստանալու համար: