ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 24-ին, թեժ բանավեճ է ծավալվել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի միջեւ՝ «ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ: Ստեփան Մնացականյանն անդրադառնալով Հրանտ Բարգատյանի ելույթին, նշեց. «Դուք մի քանի օր առաջ բյուջեի նախագծի քննարկմանը, նույն կերպ մատ տնկելով, ԱՎԾ պետին ասացիք, որ աշխատավարձի մեջ չի կարելի մտցնել կուտակայինի գումարը, նա էլ հայտարարում է, թե լավ եմ անում մտցնում եմ: Պարոն Բագրատյան, 2014-ի մարտի 10-ին հեռախոսազանգ է արել ինձ եւ առաջարկել, որ բացի այդ 5 տոկոսից, աշխատավարձի մեջ ներառել նաեւ կառավարության կողմից ներդրվող 5 տոկոսը: Դուք իմ բացատրությունները չընդունեցիք, խնդրեցիք, որ ես դիմեմ Աշխատանքի միջազգային կազմակերպություն: Ես դիմեցի այդ հարցով, եւ ստացանք պատասխան, որ մենք ճիշտ ենք վարվել: Մենք ձեր առաջարկը չենք ընդունել, քանի որ կառավարության տրամադրած հինգ տոկոսը ընդամենը սուբսիդիա է ու այն չի կարող տեղավորվել աշխատավարձի մեջ: Հարգանք մատուցելով ձեզ՝ ուղարկել եմ կազմակերպության պատասխանը ձեզ»:
Ստեփան Մնացականյանի հայտարարությունը խիստ վրդովեցրեց Հրանտ Բագրատյանին ու նա սկսեց տեղից բղավել. «Բայց ես նման բա՞ն եմ ասել: Ապացուցեք, որ ես նման բան ասել եմ»: «Դուք ինձ զանգել եք»,- արձագանքեց ԱՎԾ պետը: «Դուք սուտ եք խոսում»,- բղավեց Հրանտ Բագրատյանը:
«Ես կարծում եմ, որ դուք զղջացել եք, պարոն Բագրատյան»,- իր հերթին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ստեփան Մնացականյանը շարունակեց իր խոսքը՝ նշելով, «Լավ, Դուք հայտարարում եք, որ անասնակերը նորմալ սնունդ է: Դա նորմա՞լ հայտարարություն է»:
Հրանտ Բագրատյանը շարունակում էր բարկացած բղավել: «Մենք գյուղամեջում չենք, մի քիչ համբերեք, թողեք խոսի»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
«Դուք ասում եք, որ գյուղապետերը թիվ են նկարում գյուղատնտեսության ցուցանիշների մասով: Ես ձեզ խնդրեցի, տեղյակ եք, օգնեք մեզ, տվեք անունը, դուք մի անուն չնշեցիք: Բոլոր ռեսպոնդենտներին մենք չենք կարող հանցագործ համարել»,- շարունակեց Ստեփան Մնացականյանը:
Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Ստեփան Մնացականյանն իր անունը տվել է, ինքը պիտի արձագանքի:
Նախքան Բագրատյանին ձայն տալը Գալուստ Սահակյանը Ստեփան մնացականյանին խնդրեց զբաղեցնել իր տեղը, սակայն վերջինս չէր իջնում ամբիոնից եւ ԱԺ նախագահը պարզապես բղավեց. « Մի ժամ է՝ ասում եմ՝ զբաղեցրեք ձեր տեղը»:
Այնուհետեւ ԱԺ նախագահը ձայն տվեց Բագրատյանին՝ կատակելով. «Վտանգավո՞ր է ձեր անունը տալ»:
«Անունս տվել է: Ես ձեզ չեմ ասել, դուք չունեք թուղթ, որ ես ասել եմ կուկատայինի եկամուտը մտցրեք աշխատավարձի մեջ: Եթե նման թուղթ կա, ես ներողություն կխնդրեմ ԱԺ-ից: Մենք այնպիսի հիմար կուտակայինի որոշում ենք կայացրել: Ես պարոն Մնացականյանին ասացի այդ վճարումը պետք է մտցնել դիսկոնտավորելով 45 տարվա մեջ, այսինքն յուրաքանչյուր տարվա վճարի 1/45-րդ մասը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
«Ռազբորկայի մի վերածեք: Պատասխանեցիք, շարունակում ենք»,- ընդգծեց Գալուստ Սահակյանն ու անջատեղ Բագրատյանի խոսափողը:











