Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել նոյեմբերի 12-ին Գեղակերտ համայնքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մասին

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ անհայտ անձինք նոյեմբերի 12-ի գիշերը մտել էին տարեց ամուսինների տուն, երբ վերջիններս քնած են եղել: Տեսնելով, որ գումար եւ ոսկի չեն գտնում, դիմակավորված անձինք արթնացրել են ամուսիններին, ծեծի ենթարկել եւ հափշտակելով 300 հազար դրամ, 450 հազար դրամի ոսկի եւ 50 հազար ռուբլի՝ դիմում են փախուստի:

Հաջորդ օրն առավոտյան ամուսինները դիմել են ոստիկանություն եւ պատմել եղելությունը:

«Արթնացա, տենամ՝ մեկը սեւ մասկով ինձ ա նայում, ասում եմ՝ արա, ի՞նչ ա եղել, ի՞նչ եք ուզում մեզնից: Ասացին, թե փող ու ոսկի են ուզում»,- պատմել է տարեց ամուսինը:

80-ամյա կինն էլ իր հերթին գողերին խնդրել է իրենց հանգիստ թողնել. «Ասում եմ՝ 90 տարեկան տղամարդ ա ամուսինս, ես էլ 80 տարեկան եմ, մեզ որտեղի՞ց փող, անաստվածներ»:

Օրեր անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հիշյալ գողությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ Գարուշ Առաքելյանն ու Գուրգեն Սահակյանը: Վերջիններս կալանավորված են:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: