Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզինի գների իջեցման համար պայքարող «Կարմիր քարտ» նախաձեռնության մի քանի տասնյակ երիտասարդներ  այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի Ազատության հրապարակից երթով հասան Բաղրամյան 26, որտեղ «Կարմիր քարտ ցույց կտան իշխանություններին», սակայն ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ նախագահական նստավայրին: (ֆոտոռեպորտաժ)

Երթի երիտասարդ մասնակիցները կարմիր քարտեր եւ «Չենք հնազանդվելու» գրությամբ պաստառ ունեն ձեռքներին:

Նրանք վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ թալանչիներին», «Ո՛չ հանցագործներին»:

Երթն ուղեկցում էին մի խումբ ոստիկաններ, որոնք նախագահական նստավայրի դիմացի մայթին կենդանի պատ են կազմել եւ մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ նախագահականին:

Երթի մասնակիցները դժգոհում են, որ խախտում են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, իսկ ոստիկանը պարզաբանեց, որ նախագահական նստավայրը հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է համարվում, եւ դրա մոտ ակցիա անցկացնելը արգելվում է:

Այժմ ոստիկանները եւ երթի մասնակիցները բանավիճում են: Երիտասարդները վստահեցնում են, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում, սակայն նրանց միջեւ հրմշտոց սկսվեց: