Նախագահական նստավայրի առջեւ այսօր՝ նոյեմբերի 30-ին, բողոքի ակցիա անցկացնել ցանկացող «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամներից երեքը՝ Փայլակ Թեւանյանը, Վարազդատ Բարսեղյանը եւ Սեւակ Մանուկյանը բերման են ենթարկվել փողոցի անթույլատրելի հատվածում նստելու փորձ անելու համար: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդներից մեկը, ճեղքելով ոստիկանական պատը, փորձ է արել նստել Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մասում:

Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ որոշ ժամանակ անց կրկին բախում սկսվեց, որից հետո բերման ենթարկվեցին եւս 3 ակտիվիստ։

Նշենք, որ Երեւանի Ազատության հրապարակից երթով Բաղրամյան հասած երիտասարդներին ոստիկանները այդպես էլ թույլ չտվեցի մոտենալ նախագահական նստավայրին: Նրանց միջեւ մի պահ հրմշտոց սկսվեց, ապա հանդարտվեց: Երիտասարդները մի պահ մուտք գործեցին Ազգային ժողովի ընդունարան, որտեղից եւս ոստիկանները նրանց դուրս արեցին:

Երթի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ կպահանջեն ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին:

«Կարմիր քարտ» նախաձեռնությունը պայքարում է Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզինի գների իջեցման համար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am