Այսօր վճռվում է Հայաստանի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին,  Ազատության հրապարակում Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած շուրջօրյա հանրահավաքի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» կոսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը: (ֆոտոռեպորտաժ)

««Նոր Հայաստանը» երկունքի մեջ է, իսկ Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը: Մենք գործ ունենք մայրամուտ մտնող, անդեմ, հակաքաղաքացիական իշխանության հետ, որը վաղը կանգնելու է հաշվետվության դատարանի առջեւ»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ իշխանությունները ջղաձգման մեջ են եւ ցանկանում են կեղծ հանրաքվեով ամրապնդել իրենց կուսակցապետությունը եւ իրենց նպատակին հասնելու համար երկրում ստեղծել են վախի մթնոլորտ: Դիմելով ոստիկաններին՝ Րաֆֆի Հովհաննիսյայնը կոչ արեց չկարատել իշխանությունների ապօրինի հրահանգները եւ ապահովել քաղաքացիների անվտանգութունը:

«Ոստիկաններ, ոստիկանապետեր, արյան աղբյուրները ուրիշ տեղեր փնտրեք, որովհետեւ դուք եք պատասխանատու Հայաստանի քաղաքացու թեկուզ մեկ կաթիլ արյան համար»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանափոխությունը, որի ճանապարհը բռնել են իրենք, մի օրվա գործ չէ, իրենք դրան փորձելու են հասնել խաղաղ, սահմանադրական ճանապարհով, միասնականությամբ, իրացնելով ժողովրդի սահմանադրական իրավունքները. «Մենք կմնանք հրապարում այնքան, մինչեւ իշխանությունը հեռանա ինքնակամ, կամ ժողովրդի պահանջով»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթըն ավարտեց «ոչինչ կամ հաղթանակ» կարգախոսով:

Նշենք, որ որը ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը:

Նշենք, որ «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

«Ոչ»-ի ճակատի մաս կազմող ու «Ընդդիմության միասնական շտաբից» առանձին հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որին միացել է  նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»: «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 3–ին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: