Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենա ՀՀԿ գրասնյակի շենքին եւ ծաղիկներ դնի գրասենյակի մոտ:

Փոխոստիկանապետը իր որոշումը բացատրեց նրանով, որ երթի մասնակիցները հնչեցնում են ագրեսիվ եւ անհնազանդության կոչեր եւ ինքը չի կարող թույլ տալ նրանց մոտենալ շենքին: Նա կոչ արեց ծաղիկները բերել մեկ ուրիշ օր:

«Եթե այդ ծաղիկները դնեք, կդիտվի, որ դուք տանում եք բախման»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ բախումներից խուսափելու համար երթը կշարունակվի մեկ այլ ճանապարհով:

Միեւնույն ժամանակ, նա կրկնեց, որ չեն վերադառնալու տուն, մինչեւ չձերբազատվեն ռեժիմից:

Այս պահին «Նոր Հայաստանի» քաղաքական խորհուրդը Հանրապետության փողոցում՝ ՀՀԿ գրասենյակից մի քանի մետր հեռու կանգնած խորհրդակցում է, որոշում հետագա անելիքները:

Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների հերթապահ խումբ է մնացել:

Հիշեցնենք, որ շարժումը քաղաքապետարանից թույլտվություն է վերցրել նաեւ հրապարակում վրաններ տրամադրելու վերաբերյալ: Քաղաքապետարանը մերժել է դիմումը:

Երթից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ սկսել Ազատության հրապարակում:

Ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը: Հանրահավաքին մասնակցում են նաեւ  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, հանրահավաքին ուղերձ հղեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: