Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի երգիծաբան Գենադի Խազանովի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ նրան տեղեկացրել է, որ արտիստին «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագիր է ստորագրել:

Պուտինը արտիստին նաեւ խոհարարական գիրք է նվիրել: Իսկ Խազանովը նախագահին որպես նվեր կայսերական թագի պատճեն է մատուցել: Նշենք, որ Խազանովը նշում է 70-ամյա հոբելյանը:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ստեղծագործական գործունեության եւ «դժվարին աշխատանքի» համար:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, թեյի շուրջ զրույցի սկզբում Խազանովն ուշադրություն է դարձրել, որ հանդիպման մեկնարկին ներկա լրագրողները դեռեւս չեն հեռացել սենյակից՝ նշելով, որ իր հետագա խոսքերը կարելի է չգրել: «Ո՛չ, ո՛չ, մեզ մոտ ամեն ինչ գրում են»,- ասել է Պուտինը: