Ազատության հրապարակում վրաններ չեն տեղադրվելու: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Նոր Հայաստան» ճակատի երթի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառանալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին, որ պատրաստվում են տեղադրել նաեւ վրաններ:

Այսօրվա հանրահավաքին մասնակցում էր նաեւ ոստիկանության ղեկավար կազմը՝ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, ՃՈ պետ Արմեն Հակոբյանը:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ղեկավար կազմի մասնակցությունը, հատկապես  Երեւանի ոստիկանապետինը, որը բոլոր հավաքներին չէ որ մասնակցում է, Աշոտ Կարապետյանը պատասխանեց. «Երեւի թե նոր եք տեսնում ոստիկանապետի՝ բողոքի ակցիաներին մասնակցելը՝ ծառայությունը ստուգելու հետ կապված: Ոստիկանապետը ի զորու է ծառայությունը ստուգի, իրավախախտներին դեմքով ճանաչի ու ճիշտ ղեկավարի աշխատանքը»:

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նախօրեին արված սթափության կոչերին, Կարապետյանը դրան ոչինչ չավելացրեց: Վրաններ տեղադրելու հայտարարություններին նա արձագանքեց կարճ. «Վրաններ չեն տեղադրվելու, քանի որ քաղաքապետարանը ի գիտություն չի ընդունել»:

Նա նաեւ նշեց, թե մտադիր չեն խաղաղ հանրահավաքը ցրել. «Երբեք խաղաղ հանրահավաքները չի ցրվել, հիմնական միջոցառումները կանենք իրավիճակից ելնելով»:

Գայանե Սարիբեկյան