Սահմանադրությունը նրա համար չէ, որպեսզի թեթեւացնի ժողովրդի կյանքը, այլ նրա համար է, որպեսզի կանոնակարգի մեր կյանքը: Այս մասին, հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե Սահմանադրությանը դեմ արտահայտվողների փաստարկներից մեկն այն է, որ մեր երկրում օրենքները լավն են, պարզապես, դրանք չեն գործում, ՀՀ նախագահը նշել է. «Գիտեք, երբ ասում են օրենքը չի գործում, ես մասամբ համաձայն եմ, մասամբ՝ ոչ: Այո՛, կան օրենքներ, որոնք 100 տոկոսով գործում են, կան օրենքներ, որոնք, երեւի, դեռեւս ժամանակ են պահանջում, որպեսզի մեր իրավագիտակցությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Մյուս կողմից էլ՝ այդ մակարդակը որոշվում է համեմատության միջոցով: Իսկ ի՞նչ եք կարծում, մեր երկրում 15 տարի կամ 20 տարի առաջ ավելի շա՞տ էին օրենքները գործում, քան հիմա՞: Ես խիստ կասկածում եմ: Իսկ Սովետական Միությունում բոլոր օրենքները գործու՞մ էին եւ գործում էին բոլորի՞ համար: Կարո՞ղ եք մատնանշել մի երկիր, որտեղ ընդհանրապես օրենքները 100 տոկոսով, ամբողջովին գործում են, որտեղ չկան կաշառակերներ, որտեղ չկան վատ ոստիկաններ, որտեղ չկան դավաճան դատախազներ եւ այլն: Կան չէ՞:
Ուզում եմ ասել, իհարկե, համեմատությունը պետք է անել ժամանակի մեջ եւ տարածության: Այսինքն` եթե մենք մեզ համեմատենք Եվրոպական որեւէ երկրի հետ, իհարկե, օրենքի գործելիության աստիճանը մեզ մոտ ավելի ցածր է, քան այնտեղ: Բայց եթե մենք մեզ համեմատենք 10-15 տարի առաջվա հետ, ես կարծում եմ՝ մենք այստեղ առաջընթաց ունենք«- ասել է նա:
«Ամենամեծը, երեւի, իմ ցանկությունն է, որ օրենքը 100 տոկոսով գործի, որ Հայաստանում կաշառակերություն չլինի, ընդհանրապես, որ պետավտոտեսուչը փող չվերցի, բայց արի ու տես, որ դա փող տվողին էլ է ձեռնտու, պետավտոտեսուչին էլ: Դրա համար իշխանությունների համար շատ դժվար է իդեալական վիճակ ստեղծելը: Ինչու՞ են մարդիկ դեմ, որպեսզի խախտումները արձանագրի տեխնիկան եւ ոչ թե մարդը, որովհետեւ իրենք չեն կարող տեխնիկայի վրա ճնշում գործադրել, իսկ պետավտոտեսուչի վրա՝ ամեն քայլափոխի: Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի պատասխանեմ որոշ մարդկանց, այլ հասկանալի լինի, որ որպեսզի օրենքն ամբողջությամբ գործի, մենք պետք է ունենանք նաեւ տեխնիկական ապահովվածություն, հասկանու՞մ եք: Մենք պետք է նաեւ որոշակի սոցիալական խնդիրներ լուծենք: Միգուցե, ոչ պոպուլյար բան եմ ասում, բայց կարո՞ղ է, արդյոք, 400 ԱՄՆ դոլար կամ դրամով արտահայտված՝ մոտ 200 հազար դրամ ստացող ոստիկանը օրենքը նույն ձեւով պաշտպանել, ինչ ձեւով կպաշտպանի 4000 դոլար ստացող ոստիկանը: Իհարկե, ոչ: Ակնհայտ է, չէ՞: Ոչ մեկին չեմ արդարացնում, իրավիճակը չեմ արդարացնում, ուղղակի, ընդգծում եմ, որ բոլորիս ցանկությունները մեծ են, բայց ցանկությունն իրականություն դարձնելու համար մենք պետք է տքնաջան աշխատենք: Բոլորս պետք է ցանկանանք մեր ջանքերը առավելագույնս ներդնել. առանց դրա հնարավոր չէ: Իհարկե, իմ ասածը չի բացառում, որ անբարեխիղճ պաշտոնյաներ են գտնվում, ովքեր իրենց շահը ավելի են գերադասում, քան պետությանը, բայց չի կարելի ասել, որ դա համատարած բնույթ է կրում«-ընդգծել է Սերժ Սարգսյանը:











