Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք իրենց գրագիտությամբ, օրենքների հետ աշխատելու այն որակները չունեն, բայց նրանք ներկայացնում են որոշակի սոցիալական խավ: Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես չեմ կիսում կարծիքը, որ գնալով մեր խորհրդարանի որակը վատանում է, ընդհանրապես, այսպես ասեմ, որ որեւէ մեկը չնեղանա՝ բոլոր նախորդներին միշտ թվում է, որ իրենց նախորդները եւ իրենց հետնորդներն ավելի շատ սխալ որոշումներ են կայացնում, քան իրենք են կայացրել: Ես միանշանակ կարող եմ ասել հետեւյալը, որ այսօր մեր խորհրդարանում կան պատգամավորներ, ես չեմ ասում ամբողջ խորհրդարանն է այդպիսին, որ պատիվ կբերեր ցանկացած եվրոպական երկրի խորհրդարանի: Իհարկե, ճիշտ չէ իմ կողմից անուններ թվարկելը, բայց, իհարկե, կան նաեւ պատգամավորներ, ովքեր ներկայացնում են որոշակի սոցիալական խավ: Միգուցե, նրանք գրագիտությամբ, օրենքների հետ աշխատելու այն որակները չունեն, միգուցե, իրենց պահելաձեւով չեն համապատասխանում այն պահանջներին, որ առաջադրվում են պատգամավորների, բայց նրանք ներկայացնում են որեւէ խավ, չէ՞ : Ու չի կարելի ասել, որ մեր ժողովրդի գրագիտության մակարդակը համահավասար է: Եվ աշխարհի որեւէ երկրում այդպես չէ, որ միայն ակադեմիկոսներն են դառնում խորհրդարանի պատգամավորներ: Դրա համար Գիտությունների ակադեմիա գոյություն ունի»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Պետք չէ սխալ հասկանալ, ես չեմ ասում, որ մեր խորհրդարանը իդեալական խորհրդարան է, բայց ես ասում եմ, որ նախ խորհրդարանը հասարակության արտապատկերն է, ուզենք-չուզենք այդպես պետք է լինի, եւ երկրորդ, այստեղ՝ մեր խորհրդարանում, կան պատգամավորներ, ովքեր չեն զիջում նախկին գումարման խորհրդարանի պատգամավորներին: Կրկնում եմ, դա չի նշանակում, որ ես թերագնահատում եմ Գերագույն խորհրդի անդամներին, դրան հաջորդած խորհրդարանի պատգամավորներին»,-ընդգծել է նա: