Երեւանի պետական համալսարանի բակում այսօր` դեկտեմբերի 3-ին, գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակում `16 աղջիկների մասնակցությամբ տեղի ունեցավ ֆլեշմոբ` «Կանա՛յք, միանանք հանուն խաղաղության» հանրային միջոցառումը: NEWS.am-ի հետ զրույցում «Սեւազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Օհանյանը նշեց, որ ֆլեշմոբի նպատակն է  Հայաստանում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինական գաղափարախոսության տարածման գործընթացքում: Արուսիկ Օհանյանի խոսքով, «Կանա՛յք, միանանք հանուն խաղաղության» միջոցառումը Հայաստանում անցկացվում է «Սեւազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնության եւ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

«Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում ենք անցկացնում այս միջոցառումը, ֆլեշմոբի նպատակն է քարոզել խաղաղություն, ցույց տալ կանանց կարեւորությունը խաղաղության տարածման գործընթացում»,-ասաց Արուսիկ Օհանյանը: