«Ատամանյան պալատ» խումբը, որն իր երգարվեստը բնորոշում է որպես կազակական ռեփ, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին երգ է ձայնագրել, որը կոչվում է  «Նամակ սուլթանին», տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Խմբի առաջնորդ Մաքսիմ Իլյինովը պատմել է, որ երգի գաղափարը հանպատրաստից է ծնվել: «Մենք եկանք Մոսկվա, որտեղ հանդիպեցինք կազակներին, որոնք հաստատվել են մայրաքաղաքում: Կազակները միշտ սիրել են շատախոսել, սկսած հարեւանի տնից, վերջացրած միջազգային քաղաքականությամբ: Այդ  ժամանակ էլ հենց Սիրիայի դեպքերը եղան, մեր հայրենակիցը զոհվեց, սիրտը նվվաց, պայթեց», — պարզաբանել է նա:

Երաժշտության հիմքում ընկած է կազակական  «Օյ ասա, ինձնից մի վախեցիր» երգը: Առաջին քառյակում իբր ներկայացվում է թուրքական սուլթանի նամակը, որում նա, իրեն   «արքաների արքա» անվանելով, կոչ է անում ենթարկվել իրեն: Երկրորդը կազակների պատասխանն է, որում նրանք սուլթանին անվանում են   «թուրքական պոզավոր շայթան» եւ «Լյուցիֆերի քարտուղար», ինչպես նաեւ տեղեկացնում են, որ վերջինս երբեք «չի տիրի» իրենց:

YouTube-ում տեղադրված տեսանյութը մի քանի օրվա ընթացքում 34 հազար դիտում է հավաքել: