Ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 20-ին Կոտայքի մարզում տաքսու վարորդին մարմնական վնասվածքներ պատճառած երեք երիտասարդներին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տաքսու վարորդին սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք են պատճառել 20-ամյա Արման Հակոբյանը, անչափահասներ Սուրենն ու Աշոտը:
Արմանը ձերբակալված է, իսկ Սուրենն ու Աշոտը՝ ստորագրությամբ ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 20-ին ուշ երեկոյան երեք երիտասարդները նստել են տաքսի եւ պատվիրել տանել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնք: Հասնելով տեղ՝ երիտասարդները դանակը դրել են վարորդի պարանոցին եւ գումար պահանջել: Սակայն վարորդին մարմնական վնասվածք պատճառելով՝ երիտասարդները դիմել էին փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











