Երեւանի Նազարբեկյան 48 հասցեի վթարային, կիսակառույց, առանց տանիքի բարձրահարկի վերջին՝ 8-րդ հարկում բնակվող Արզումանյաններին առաջին ձյունը չի ուրախացրել: Հալչող թձյունը կլցվի Արզումանյանների բնակարան ու կրկին բնակարանը ջրով կհեղեղվի։

«Կառավարությունը երեք տարի առաջ նվիրաբերեց բնակարանը, ու մեզ՝ 8 հոգանոց ընտանիքիս, որի երկու անդամները հաշմանդամ են, տվեց բնակարան շենքի 8-րդ հարկում, որը տանիք չունի, պանելները փշրվում թափվում են: Մենք տարվա չորս եղանակները մեր տան մեջ նստած զգում ենք՝ քամի, անձրեւ, ձյուն: Անձրեւի ժամանակ մեր տանիքից ոչ թե կաթում, այլ չռռում ա: Սա դանդաղ մահ ա, ապրել չի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Կարինե Հովսեփյանը:

Բնակարանը, որի բետոնե հատակն ու փշրված պանելներով պատերը տարվա այս եղանակին միշտ խոնավ են, ամբողջությամբ չի տաքացվում: Արզումանյանները քնում են հյուրասենյակում, որտեղ դրել են փայտե վառարանը:

«Էլ վառելու բան էլ չունենք: Լինում ա, որ մի ամսով ես իմ նորածին երեխուն մութ տեղն եմ պահել, փող չի եղել, որ լույսի վարձը տանք: Ապրում ենք նպաստով, թոշակով, օր ա լինում՝ հաց էլ չենք ունենում ուտելու: Ինչ վառենք էդքան վառարանում, որ խոնավ պատերը հասցնենք չորացնել»,- ասաց Կարինե Հովսեփյանը:

Կարինե Հովսեփյանը հենաշարժողական խնդիր ունի, ամուսինը՝ Աշոտը, տեսողական, նաեւ ստամոքսի խոց: Խոնավ բնակարանում ապրելու պատճառով նրանց 4-ամյա որդին մի քանի անգամ թոքաբորբով է հիվանդացել, սրտի խնդիր է ձեռք բերել: Խոնավության մեջ  է մեծանում նաեւ Արզումանյանների 2-րդ երեխան՝ 5-ամսական դուստրը:

Երեք անչափահաս էլ նման պայմաններում մեծանում է նույն շենքի մեկ այլ բնակարանում:

«Էս մահ են տվել մեզ համար, գերեզման են տվել, տուն չէր, որ մենք ստացանք: Որ անձրեւը գալիս, պիտի ռեզինից սապոգներով քայլես տանը: Երեխեն տեղից վեր ա կենում, ասում ա՝ գիշերը անձրեւ էր գալիս վրես, ալարում էի հելնեի: Ու երեխեն էլ 5 տարեկան: Կդիմանա՞ էս խոնավությանը»,- NEWS.am-ին ասաց երեխաների տատը՝ Անահիտ Իսպիրյանը:

Քաղաքապետարանը հրաժարվում է զբաղվել շենքի հարցով՝ պատճառաբանելով, որ այն չի ընդունվել Երեւան համայնքի հաշվեկշիռ: Միեւնույն ժամանակ, շենքի 54  բնակարաններից 51-ը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել են սեփականության վկայականներ, երկու օր առաջ էլ ծանուցում են ստացել հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ: Խնդիրը լուծելու համար քաղաքացիները դիմել են պատկան մարմիններին, սակայն ապարդյուն: Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը շենքն ընդունի քաղաքի հաշվեկշիռ ու գոնե շենքի տանիքը կառուցի, ինչը, թերեւս, փտած պանելների պատճառով գրեթե հնարավոր չէ: