ՀՀ  Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության եւ գիտության, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները այսուհետեւ նոր շենք կունենան: Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիրի բացումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

«Տեղաբաշխելը բարդ խնդիր էր: Սկզբում նախատեսված էր 4 նախարարություն, հետո դարձավ 5-ը: Այս տարածքի վրա կազմակերպել բոլորի առանձին մուտքերը դյուրին խնդիր չէր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է կառավարական շենք կառուցվում: Շատ կարեւորվեց այն, որ շենքի ճարտարապետությունը լինի այն շենքերի նման, որ մինչեւ հիմա ունեցել ենք: Կամարի աջ եւ ձախ կողմերում զարդաքանդակներ արեցինք նույնությամբ, ինչպիսին կառավարության շենքի զարդաքանդակներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ եթե Կառավարության նախկին շենքը, որը գտնվում էր Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, 14քմ էր, ապա նոր վարչական համալիրում այսքան տարածք զբաղեցնում է միայն Արտաքին գործերի նախարարությունը:

Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ նախարարությունները նոր կառավարական շենք կտեղափոխվեն մինչեւ փետրվարի վերջ:

Համալիրի մասնաշենքերի ընդհանուր մակերեսը կազմում է 33 460 քմ.: Համալիրի կառուցման համար ծախսվել է 13. մլրդ. 687 մլն. 288 հազար 390 ՀՀ դրամ:

Շենքը կառուցվել է Արդարադատության այրված շենքի հողատարածքի վրա, համալիրի կառուցապատված տարածքը ընդգրկում է նախկին «Սեւան» հյուրանոցի սահմագածից մինչ ՀՀ Գլխավոր դատախազության շենք եւ Վազգեն Սարգսյան փողոցից մինչեւ Զաքյան փողոցի հատվածը:

Վարչական համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից, որոնք իրար հետ կապված են ստորգետնյա մեկհարկանի ավտոկայանատեղիով: Համալիրը ունի ճաշարան, հանդիսությունների եւ մամուլի սրահներ:

Համալիրը, որի շինարարությունը սկսվել է 2008թ., նախագծել է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: