ԼՂՀ Պաշտպանության բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանը հակառակորդի հրետանային հարվածներից իր զոհվելու մասին հայտարարությունը որակում է ադրբեջանական կողմի կեղծ քարոզչության հերթական դրսեւորում, որով փորձ է կատարվում ապակայունացնել իրավիճակը:
«Սա վկայում է այն մասին, որ հակառակորդի ներկայացրած ցանկացած ռազմական հաջողություն ստեղծված է միմիայն ստի եւ կեղծիքի հիման վրա»,-ասել է Ջալալ Հարությունյանը:
Գնդապետը նշել է, որ դեկտեմբերի 4-ի գիշերը հակառակորդը կողմից հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ իրականացրած դիվերսիոն հետախուզական ուժերի ներթափանցման երկու փորձերի ժամանակ էլ համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներով հետ է շպրտվել:
«Միավորման ենթակա ստորաբաժանումները լրիվությամբ մարտունակ են, իրավիճակին լրիվությամբ տիրապետում են եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համարժեք պատասխան տալ հակառակորդի ամեն մի ոտնձգության»,-ասել է Ջալալ Հարությունյանը:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ ադրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «իրենց հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրետանային հարվածների հետեւանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր՝ մասնավորապես հիշատակելով բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանի անունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է եւ հաջողությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռեւս գտնվում են «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ եւ հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:











