Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած միջադեպի պատճառով բերման ենթարկված 3 քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրապարակում շուրջօրյա հավաքի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրի Աթոյանը պատմել էր, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա, հարվածել եւ վիրավորել իրեն:
Միջադեպին միջամտել էր Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը, որին միջադեպը հրահրած երկու երիտասարդների հետ հրապարակում հերթապահող ոստիկանները բերման են ենթարկել:
Հարձակման ենթարկված Յուրա Աթոյանը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել էր, որ երիտասարդները ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցներն են:
Ավելի ուշ Յուրա Աթոյանին որպես տուժողի ոստիկանության բաժին են տարել ցուցմունք վերցնելու նպատակով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի փոխանցմամբ, հարձակվողները եղել են «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի եւ Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ:











