Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկել է «հանուն Հայաստանի զարգացման»: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Երեւանի թիվ 9/14 ընտրաեղամասի առաջին ընտրողը հենց ոստիկանապետն էր: Հանձնաժողովի անդամները նրան ճանապարհեցին ծափահարություններով, որպես առաջին ընտրող:
Վլադիմիր Գասպարյանն իր հերթին օրհնեց հանձնաժողովի անդամներին՝ նշելով. «Աստված ձեզ պահապան»:
Քվեարկությունից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի զարգացման: Ես եւ այո եմ քվեարկել եւ ոչ»:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:











