ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Էջմիածնի թիվ 1 հիմնական դպրոցում բացված թիվ 19/10 ընտրատեղամասում քվեարկությունից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «98 թվից զինվոր եմ, անկախության ձեռքբերողներից եմ, ոչ թե կողմ քվեարկեցի, այլ միանշանակ կողմ: Ու ոչ թե միայն ես, այլ իմ ընտանիքը, բարեկամը, ծանոթը: Սա իմ երկիրն ա, ոնց կարամ ես իմ երկրին, տանը դեմ լինեմ: Եթե էս պահին պետք լինի, հազար բան էլ կանեմ:

Իմ կողմնակիցները, գիտեմ՝ կողմ են, իսկ թե ով են դեմ, չգիտեմ: Տենց մարդ գոյություն չունի, որ իմ ներկայությամբ ասի դեմ եմ սահմանադրական փոփոխություններին»,-նշեց նա:

Ի դեպ, Մանվել Գրիգորյանը մոռացել էր անձնագիրը, նա վերադարձավ տուն ու բերեց անձնագիրը: ԵԿՄ նախագահը եկել էր կնոջ, դստեր եւ որդու հետ: Որդին օգնեց, որ քվեաթերթիկը գցի քվեատուփը:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: