Երեք քաղաքացիներ վիրավորում են ստացել Լոնդոնի մետրոյում մաչետայով զինված մի անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:

Լոնդոնի ոստիկանությունը կալանավորել է հարձակվողին: Ականատեսների հաղորդագրություններով հարձակումից առաջ տղամարդը բղավել է «Սա Սիրիայի համար է»:

Ավելի ուշ հայտնվել է տեղեկություն, որ լոնդոնյան ոստիկանությունը մայրաքաղաքի մետրոյում կատարված հարձակումը ահաբեկչական գործողություն է գնահատում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Սքոթլենդ Յարդում:

Սքոթլանդ Յարդը կատարվածի առնչությամբ բնակչությանը կոչ է արել հանգստություն պահպանել,բայց լինել ծայրաստիճան զգոն: «Ահաբեկչական սպառնալիքը մնում է զգալի մակարդակի վրա, սա նշանակում է, որ ահաբեկչության կատարումը շատ հավանական է »,- ասված է ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի ղեկավար Ռիչարդ Ուոլթոնի հայտարարության մեջ, որը տարածվել է ոստիկանության կայքում:

Աականատեսների մեկի կողմից նկարահանված տեսագրության կադրերում, որոնք տարածել են բրիտանական լրատվամիջոցները, երեւում է, թե ինչպես է սեւ թաշկինակով դեմքը փակած մի բարձրահասակ տղամարդ հարձակվում ուղեւորներից մեկի վրա՝ ցանկանալով հարվածել նրա վզին: Դրանից հետո, տեղում ցատկելով ու բղավելով՝ նա դանակով սպառնում է նաեւ մյուս ուղեւորներին:

 Սքոթլենդ Յարդից հայտնել են,որ միջադեպի հետեւանքով «մեկ մարդ ստացել է լուրջ, բայց կյանքին չսպառնացող վնասվածքներ»: