Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները նոր խախտումներ են ներկայացրել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում:
Մասնավորապես «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» ներկայացրել է հետեւյալ խախտումները.
12:00 - 1/09, Ավան - «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդը հաղորդում է, որ ընտրատեղամասում Հովիկ անունով ներկայացած տղամարդը առնվազն երկու անգամ (վերջին անգամ մոտավորապես ժամը 11-ին) քվեարկողներին ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել է, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, նա գրանցամատյանում գրանցված չի եղել, որևէ կարգավիճակ չի ունեցել, սակայն բանավոր հարցման ժամանակ ներկայացել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ:
11:58 - 1/08, Ավան - Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ունի ագրեսիվ վարքագիծ, կոպիտ է վարվում թե՛ ընտրողների, թե՛ դիտորդների հետ. բղավում է նրանց վրա: ՔՀԻ դիտորդի նկարած տեսանյությում երևում է, թե ինչպես է վերջինս հարձակվում Ասպարեզ օրաթերթի լրագրողի վրա:
Այս պահին հանձնաժողովի նախագահը լքել է ընտրատեղամասը՝ հայտնելով, թե գնում է անձնագրային բաժին:
11:50 - 1/04, Ավան - ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ ժամը 10:12-ին տարեց մի տղամարդ փորձել է քվեարկել կնոջ անձնագրով: Հանձնաժողովի անդամը գրանցել է վերջինիս և տվել քվեաթերթիկն ու ծրարը: Քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի մեկ այլ անդամ նկատել է խախտումը և այդ մասին հայտնել նախագահին: Նախագահը մարել է քվեաթերթիկը: Ընտրողը պատճառաբանել է, որ չի նկատել, որ իր հետ վերցրել է կնոջ անձնագիրը: Իսկ նրան քվեաթերթիկ տրամադրած հանձնաժողովի անդամն ասել է, որ չի նկատել, քանի որ ուշադրությունը կենտրոնացրել է հասցեի վրա և նկարին չի նայել:
11:00 - 1/29, Նոր Նորք - Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկության է եկել 82 հոգի: Տեղամասի մուտքն ամբողջովին սառցակալած է, միջոցներ չեն ձեռնարկվել ճանապարհը մաքրելու համար:
11:15 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին դեռ լուծում չի տրվել:
Asparez.am-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները հաղորդում են, որ Գյումրու թիվ 6 դպրոցի տեղամասում ակնհայտ քարոզ է տարվում «այո» քվեարկելու օգտին:
Ժամը 10:53-ի դրությամբ հաղորդվում է, որ 14/14 և 14/15 տեղամասերում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին:
Ժամը 14:44 08/27 տեղամասում հանձնաժողովի նախագահը հայհոյել է դիտորդին:
11:52
25/21, Կոտայքի Մարզի Հրազդան քաղաք, թիվ 10 ավագ դպրոց, լցոնում է տեղի ունեցել, շարունակ փորձում են շեղել դիտորդի ուշադրությունը:
11:50
34/25 տեղամասում, Գյումրի, թիվ 7 դպրոց, հանձնաժողովի նախագահը դիտորդներից խլել են իրենց աշխատանքային գրառումների թերթիկները, կարգադրել է նկարահանումներ չիրականացնել: Ավելի ուշ հետ են տվել աշխատանքային թերթիկները: Բանակցությունների ժամանակ հանձնաժողովի նախագահին բացատրվել են ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, վերջինս հասկացել է եւ խոստացել է չխոչընդոտել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին:
11:35
35/34 , Գյումրի, թիվ 3 դպրոց, քվեախցում ցնդող գրիչներ են դրված:











