Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ սյունեցիները «այո» են ասելու սահմանադրական փոփոխություններին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Գորիսի թիվ 37/8 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը։
«Գիտակից ժողովուրդ ենք, վաղվա օրը պատկերացնելով եկել ենք, քվեարկում ենք, սյունեցուն որեւէ մեկը չի կարող պարտադրել ինչ-որ բան անել»,– ասաց Սուրիկ Խաչատրյանը` համոզմունք հայտնելով, որ «այո»-ն Սյունիքում կանցնի։
Լրագրողի հարցին, թե որտեղից իրեն այդ վստահությունը, արդյոք մինչեւ քվեարկությունը զրուցել է սյունեցիների հետ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք գորիսեցի եք, չէ՞, տարածքային իշխանություն եւ ժողովուրդ հարաբերությունները գիտեք, դա հերիք է»։
Ընտրատեղամասում մարզպետը հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում քվեարկության ընթացքը: Սուրիկ Խաչատրյանը նկատեց, որ ընտրատեղամասում քվեարկողների թիվը փոքր է, սակայն հանձնաժողովի նախագահ Կարմեն Կարապետյանը նշեց, որ այդ պահին մարդկանց հոսքը քիչ է, սակայն գորիսեցիները ակտիվ մասնակցում են հանրաքվեին:
Քվեարկելուց հետո մարզպետը արագ հեռացավ տեղամասից:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:











