Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցում տեղակայված 34/28 ընտրատեղամասում քաղաքացիները դժգոհում են, որ պատուհաններին փակցված ընտրացուցակները պարզ չեն երեւում ապակիների քրտնած լինելու ու ընտրացուցակների բարձր փակցված լինելու պատճառով: Ընտրողները երկար ժամանակ ապարդյուն փնտրում են իրենց անունները։
«Հեսա ապակին տաքացնենք զաժիգալկով, տեսնինք՝ ինչ կերեւա»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց ընտրողներից մեկը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում կա 230 հազար 391 ընտրող:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում:
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:













