Ազգային ժողովի նիստի ժամանակ, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխանությունների կողմից կեղծելու պատճառով:

«Հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում եւ սովորականի պես գործ անել:

Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության եւ օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց Սահմանադրության հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում...»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Այդ պահին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ասելով. «Մենք հակառակ տեսակետն ունենք»: Ապա ԱԺ նախագահը անջատեց Լեւոն Զուրաբյանի խոսափողը:

Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո նիստերի դահլիճը նրա հետ լքեցին Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջահանգիրյանը, ինչի կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Տեսա՞ք` քանի հոգի է ՀԱԿ խմբակցությունը»: