ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները բոյկոտեցին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:
Նախքան քվեարկությունը Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ նա այլեւս պահանջատեր չէ եւ այս օրինագծի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ նման օրինագծի ընդունման դեպքում ընկնելու է պատասխանատվության տակ եւ վախենում է այդ պատասխանատվությունը կիսել»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը՝ հայտարարելով. «Նման բան չի եղել, զրպարտությունների շարքը թողեք: Ես հայտնում եմ ՀՀԿ խմբակցության տեսակետը: Որպեսզի ձեզ չվիրավորենք, որոշել ենք այդ անհեթեթ որակումներով ձեր շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկությանը չմասնակցել»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը նույնպես չի մասնակցում քվեարկությանը:
Օրինագծին կողմ քվեարկեց 8, դեմ՝ 1, ձեռնպահ 2 պատգամավոր, օրինագիծը չընդունվեց:











