Ընդդիմությունը կշարունակի պայքարը՝ հանուն երջանիկ ապագայի։ Այս մասին դեկտեմբերի 7-ին ՀՀ խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ ինքը նախօրեին իշխանությունների եւ սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքի ցույցի ժամանակ նորից իրեն երիտասարդ է զգացել եւ հիշել է անցյալը։ «Այո՛, ես այրել եմ նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, ԿԸՀ ղեկավարի խրտվիլակները»,- ասել է նա։
Նրան ընդհատել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ նա շեղվում է թեմայից, եւ նրա վրա արդեն ծիծաղում են։
«Ես միեւնույնն է կխոսեմ։ Ես հասկանում եմ, որ դուք Սերժ Սարգսյանից գումար եք ստանում ձեր պարտականությունների կատարման համար, բայց բավակա՛ն է։ Ամո՛թ է»,- պատասխանել է Փոստանջյանը։
«Դուք արդեն չեբուրաշկայի կարգավիճակում եք։ Մի՛ պղծեք ամբիոնը Ձեր բառերով։ ԱԺ ամբիոնը պղծելու տեղ չէ։ Ես ստիպված եմ լինելու կիրառել ԱԺ Կանոնադրությունը եւ ձեզ զրկել նիստերին ներկա լինելու իրավունքից։ Հասկացե՛ք, այստեղ հանրահավաքի տեղ չէ, անհնազանդության տեղ չէ։ Սա խորհրդարան է»,- ասել է խոսնակը։
Փոստանջյանն այնուամենայնիվ հրաժարվեց լքել ամբիոնը եւ իր ելույթը շարունակեց առանց բարձրախոսի։











